Փողոցի երեխաներից մեկը` աղբահավաք, մուրացկան, հնահավաք Օքթայը, վերափոխվում է գրքերի շնորհիվ, որ գտնում էր աղբամաններում: Հիմա նա բազմաբնույթ գրքերի խանութ ունի:
Այս մասին է թուրք ռեժիսոր ԷՆԻՍ ՌԻԶԱՅԻ` «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոևսկի գտա» վավերագրական ֆիլմը, որ ներկայացված էր «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Մեր զրույցը ռեժիսորի հետ գրականության, կինոյի, պաշտոնական և ոչ պաշտոնական պատմագրության, բազմազգ Թուրքիայի, հայ-թուրքական հարաբերությունների շուրջ է:
-Ի՞նչ ֆիլմեր, գրքեր են ստեղծվում մեր օրերում, ի՞նչ մշակույթ է պրոպագանդվում: Կա՞ վերահսկում այս առումով Թուրքիայում:
-Թուրքիայում օրենքով արգելված է գրաքննությունը, բայց երբ ինչ-որ բան է արվում համակարգի դեմ, գիրք լինի, թե ֆիլմ, բնականաբար, քննադատվում է: Ինչ վերաբերում է ֆիլմերի, գրքերի տարածմանը, կապիտալիստական պահանջարկ-առաջարկի մեխանիզմներն են աշխատում այսօր, շուկայում գերիշխում է հոլիվուդյան արտադրանքը: Այդ իսկ պատճառով ստեղծել ենք մեր լսարանը, քաղաք առ քաղաք շրջում ենք, ներկայացնում մեր ֆիլմերը, անհատապես հանդիպում լսարանի հետ: Նաև այլընտրանքային հեռուստաալիքներով ենք ներկայացնում դրանք:
-Հավանաբար, գիտեք, որ Երևանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, Ձեր ֆիլմի առանցքում էլ գիրքն է, լավ գրականությունը: Իսկ ճանաչո՞ւմ եք հայ գրողներին:
-Այս պահին չեմ մտաբերում որևէ անուն, բայց, իհարկե, ընթերցել եմ թարգմանությունները: Ինձ շատ է հիացնում Փարաջանովը, ով գրող չէ, բայց հայ արվեստի կարկառուն ներկայացուցիչներից է:
-Թուրքիայի գրախանութներում կա՞ն հայ գրողների գրքեր, հետաքրքրություն առաջացնո՞ւմ են ընթերցողների շրջանում:
-Իհարկե, կան և ընթերցվում են: Թուրքիայում այդ հարցում գրաքննություն չկա, ուրիշ ճնշումներ գուցե կան, կարող ենք ասել` այս կամ այն հարցում Թուրքիայում վատ է, բայց այդ աստիճանի փակ չէ: Անգամ ձեզ մոտ` Ցեղասպանության թանգարանում, Թուրքիայում հրատարակված գրքեր կան ցեղասպանության մասին: Այդ հրատարակության ղեկավարը` Ռագըփ Զարաքոլուն, իմ մոտ ընկերն է: Նվազագույնը` նրա հրատարակած գրքերը հայերի մասին ես ընթերցում եմ: Օրհան Փամուկին գիտեք, Էլիֆ Շաֆակի առաջին վեպը հայոց խնդրի մասին է: ՈՒ կարելի է ասել, որ Թուրքիայում կինոարտադրության, հատկապես վավերագրական կինոյի, և արձակագրության մեջ ինչ-որ պայթյուն կա:
-Կարո՞ղ ենք ասել, որ գրականությունը, կինոն պատմությունն ազատում են կեղծիքից:
-Այո, կարող ենք ասել: Գրականությունը մերկացնում է պատմությունը` իր փոխաբերություններով ցույց է տալիս թաքնված էջերը:
-Վերջերս ծանոթացա թուրք երիտասարդ պատմաբանի հետ, որն ինձ ասաց, որ Ցեղասպանությունը պատմական մեծ կեղծիք է: Շատե՞րն են այդ կարծիքին:
-Իհարկե, եթե այդպես մտածողներ չլինեին, խնդիր չէինք ունենա և չէինք քննարկի` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Խնդիրը հենց այս ազգայնական, ռասիստական հակընդդեմությունը հաղթահարելն է: Միջազգային մակարդակում նույնպես փորձում ենք ամեն տեսակի ազգայնականությունից ազատվել, որ կարողանանք հանգիստ քննարկել մեր բոլոր խնդիրները: Կա պաշտոնական պատմություն, որը դնում է իր սահմանափակումները, բնականաբար, պատմության ուսուցիչներն էլ հենց պաշտոնական պատմության շրջանակներում են աշխատում: Միայն Թուրքիային չի վերաբերում սա, բոլոր երկրների պաշտոնական պատմություններն էլ այդ ոճով են գրված:
Ցեղասպանության, «Միություն և առաջադիմություն» կուսակցության մասին նախկինում հասարակությանը հրամցվում էր միայն պաշտոնական տեսանկյունը, բայց վերջին 20 տարիներին, ինչ-որ պայթյուն տեղի ունեցավ Թուրքիայում, և արդեն ավելի շատ են քննադատական մոտեցումները պաշտոնական պատմության հարցում, ոչ միայն հայկական, նաև շատ այլ հարցերում: Կա մի ստվար զանգված` մշակութային, հասարակական գործիչների, որ հարցականի տակ է դնում պաշտոնական պատմությունը:
-Ասում են` որտեղ կա հայ, այնտեղ կա թուրք, այս կամ այն կերպ հարաբերվում են մեր ժողովուրդները: Հնարավո՞ր է հայի և թուրքի իրական բարեկամություն: Խոսքը սահմանների բացման մասին չէ:
-Ըստ էության, եթե ժողովուրդների մակարդակով նայենք, խնդիր չկա: Երբ ես երեխա էի, բազմաբնակարան շենքի մեր ներքևի հարևանը հայ էր, վերևինը` հույն, կողքինը` քուրդ: Մի քանի տարի առաջ «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ֆիլմ եմ ցուցադրել, որտեղ օրորոցային էր հնչում. այդ օրորոցայինն ինձ համար երգել են թուրքերեն, նույն օրորոցայինը մեր ներքևի հարևանը երգում էր հայերեն, կողքի հարևանը` քրդերեն: Եվ եթե հետևում ենք սիրային պատմություններին, տեսնում ենք, որ Թուրքիայում շատ են սիրային պատմությունները հայերի և թուրքերի, քրդերի և հայերի միջև:
-Բայց այդ իրողությունը միանշանակ չի ընդունվում:
-Գուցե այդպես ասում են, բայց եթե ավելի խորությամբ ուսումնասիրենք, կտեսնենք, որ գրեթե յուրաքանչյուր թուրք ընտանիքի պատմության մեջ եղել է գոնե մի սիրային դրվագ հայի հետ: Վերջերս սկսել են դրա մասին խոսել, նաև վեպեր են գրվում, որովհետև Թուրքիայում մի փոքր ազատ է դարձել մթնոլորտը, ու սկսել են վեր հանել իրենց ընտանիքների պատմությունները, խոսել դրանց մասին: Անատոլիան յուրահատուկ վայր է, աշխարհում չկա նման մի վայր, որտեղ լինեն այդքան տարբեր ազգություններ, մշակույթներ, կրոններ:
-Թուրք տղան հայ աղջկա հետ ամուսնանում է, իսկ թուրք աղջիկները հայի հետ` ոչ: Կարծես հստակ տաբու կա այս հարցում:
-Եթե խոսում ենք կին և տղամարդ հարաբերությունների մասին, ապա նման վիճակագրություն չկա, ամոթ է նույնիսկ խոսել դրա մասին: Դուք նույնպես Հայաստանում ունեք խնդիրներ: Մեր անձնակազմում շատ աղջիկներ կան, երբ Հայաստան են գալիս, նրանց հարցնում են` արդյո՞ք կսիրահարվեն հայի, ու երբ ասում են` այո, ի՞նչ խնդիր կա, ձեզ մոտ շատ են զարմանում:
-Եթե Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվի, Թուրքիայում ինչ-որ բան կփոխվի՞:
-Ըստ էության խնդիրը «Ցեղասպանություն» բառն է: Ջարդերը, կոտորածը, տեղահանումն ընդունում են մարդիկ, բայց հենց Ցեղասպանություն անունն են տալիս, սկսում են մերժել, քննարկել` եղե՞լ է, թե՞ չի եղել:
-Դոստոևսկու գրականության հիմքում աստվածաշնչյան գաղափարախոսությունն է, սա խնդիր չի՞ առաջացրել ֆիլմը նկարահանելիս` կրոնական հայացքների և այլ առումներով:
-Ոչ, ֆիլմի հերոսն ազդվում է Դոստոևսկուց, ամենամոտ ընկերները սոցիալիստներ են, բայց նամազ է անում: Փաստորեն, ի՞նչ է անում պաշտոնական պատմագրությունը, ոչ միայն հայ-թուրքական, թուրք-հունական հարաբերությունները, այլև ընդհանրապես է ուզում կոտրել մարդկանց, որ ավելի հեշտությամբ իշխի նրանց: Մեր նպատակն է, որպես վավերագիրներ, ռեժիսորներ, ցույց տալ, որ մարդու կյանքը բաղկացած է տարբեր համերից, հոտերից, մոտեցումներից, և շատ նորմալ է սիրել, ընկերանալ մեկի հետ` առանց մտածելու նրա ազգային պատկանելության մասին: Այս ամենը նորմալ է կյանքի բազմազանության մեջ: Այդ հարստության մեջ է մարդն ավելի ազատ, ինչը չի ուզում պետությունը:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Թարգմանությունը` Արտակ ՇԱՔԱՐՅԱՆԻ